Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Իսկ հետո կհայտարարվի` «Պուտինն էլ խաբեց»

Իսկ հետո կհայտարարվի` «Պուտինն էլ խաբեց»
02.10.2017 | 23:08

Հյուսիսային Իրաքում «անկախության հանրաքվեից՚ հետո նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարեց. «Հավանաբար մենք մոլորված էինք Բարզանիի հաշվով»: Եվ շուտով կհնչի ևս մեկ հայտարարություն. «Մենք խաբվեցինք /հավանաբար սխալվեցինք»: Շատ հավանական է, որ մարդը, ում հարցում «Մենք, հավանաբար, խաբվեցինք» կլինի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, թեպետ Էրդողանը նրան անվանում է «իմ բարեկամը»: Այդօրինակ զարգացման բոլոր ազդանշանները հնչեցին Էրդողանի ու Պուտինի հանդիպումն ամփոփող համատեղ մամլո ասուլիսում: Էրդողանը խոսում էր «Իրաքի ու Սիրիայի տարածքային ամբողջականության հարցում լիակատար համաձայնության» մասին: Պուտինն այդ թեմային ուղղակի չանդրադարձավ: Փոխարենը նա նախընտրեց հղում անել հայտարարությանը, որ այդ հարցով արել էր ՌԴ ԱԳՆ-ն: Իսկ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ կար նախադասություն. «Ռուսաստանը հարգում է քրդերի անկախության ձգտումը»: «Լիակատար համաձայնության» մասին Էրդողանի հայտարարությունից հետո Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը անհրաժեշտ համարեց ևս մեկ հայտարարություն անել: «Պուտինի ու Էրդողանի միջև էական տարաձայնություններ չկան Իրաքյան Քրդստանի շրջանային ինքնավարության անցկացրած անկախության հանրաքվեի հարցում»` ասել է Պեսկովը: Փաստացի` մամլո քարտուղարի հայտարարությունը վկայում է, որ այդ հարցերում տարաձայնություններ կան, թեպետ էական չեն: Այլ խոսքով` իրաքյան հարցում «լիակատար համաձայնության» մասին Էրդողանի խոսքերը օդի դատարկ տատանում էին:


Իսկ սիրիակա՞ն հարցը: Այն ժամերին, երբ Էրդողանն ու Պուտինը բանակցում էին, կարևոր հայտարարություն հնչեց Սիրիայից: Ասադի կառավարությունում առանցքային գործիչ, ԱԳ նախարար Վալիդ Մուալեմն ասաց. «Մենք պատրաստ ենք քրդերի հետ բանակցելու ինքնավարության հարցով»։ Ասադի վարչակարգը, որ Ռուսաստանի շնորհիվ գոյությունը պահպանեց, հասկացրեց, ԻՊ-ի պարտությունից անմիջապես հետո կարող է բանակցային սեղանի շուրջ նստել Դեմոկրատական միություն կուսակցության (PYD) / Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների (YPG) հետ, որոնց «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ամեն առիթով անվանում է ահաբեկիչներ:
PYD-ի մոսկովյան գրասենյակը մինչև հիմա գործում է, թեպետ Էրդողանն անձամբ է քանիցս բողոքել Պուտինին: Իսկ ռուս զինվորականները նախկինի պես պարեկում են Աֆրինի կանտոնում, որ վերահսկում են PYD/YPG-ն: Փաստացի` սիրիական հարցում ռեալիստական չէ խոսել Անկարայի ու Մոսկվայի «լիակատար համաձայնության» մասին: Այսինքն` այս դեպքում էլ շատ ժամանակ չի մնացել հայտարարությանը. «Հավանաբար, ես մոլորված եմ եղել» կամ «Մեզ խաբեցին»։


Ճգնաժամ С-400-ների շու՞րջ: Բոլորը սպասում էին, որ համատեղ մամլո ասուլիսում Էրդողանն ու Պուտինը մի քանի խոսք կասեն С-400 հակահրթիռային համակարգերի գործարքի վերաբերյալ: ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային այդքան արդիական պաշտպանական համակարգերի փոխանցման մանրամասները, առանց չափազանցության, ամբողջ աշխարհն էր ցանկանում իմանալ:
ՈՒ` ի՞նչ: Ոչ Էրդողանը, ոչ Պուտինը այդ թեմային չանդրադարձան: Թեպետ ավելի վաղ Էրդողանը նույնիսկ ասել էր С-400-ների մասին. «Մենք կանխավճար ենք տվել»: Ի՞նչ է եղել, որ այդքան կարևոր հարցը լռության մատնվեց: Տեղեկությունը սպրդեց ռուսական կողմից Պուտինի այցի ավարտից հետո: Մոսկվան հրաժարվել է Թուրքիային փոխանցել С-400-ի տեխնոլոգիաները: Այսինքն` 2,5 միլիարդ դոլարի համաձայնագիրը «հրթիռների սովորական վաճառք» է միայն, տեխնոլոգիաների փոխանցում չի լինի, որ հետագայում պետք է վերաճեր արտադրության ու անգամ այդ զինատեսակի կատարելագործման: Մոսկվայի այդ դիրքորոշումը ԱԶԿ-ի կառավարությանը դնում է բարդ վիճակում: Էրդողանի վարչակարգը առաջ էլ էր հայտարարում. «Մենք պայմանավորվել ենք Չինաստանի հետ: Մենք կստանանք չինական զենք ու տեխնոլոգիաներ», իսկ հետո այդ մտադրությունից հրաժարվեց:
С-400-ների հարցում էլ, կարծես, նույն իրավիճակն է: Լավ, իսկ կանխավճա՞րը: Հարցրեք նախագահական նստավայրին:
Զեյնեպ ԳՅՈՒՐՋԱՆԼԻ, Sözcü, Թուրքիա


Հ.Գ. Չնայած Անկարան С-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու մասին պայմանագիր է ստորագրել Մոսկվայի հետ, այդ գերարդիական զենքի ներքին համակարգերը հասանելի չեն լինի թուրքական կողմի համար` հղում անելով սեփական աղբյուրին, գրել է Gazeta.ru-ն: Պայմանագրով Թուրքիան ոչ միայն պետք է ստանար հրթիռային համակարգերը, այլև ռուսական կողմի աջակցությամբ կազմակերպեր արտադրություն Թուրքիայում: Իսկ հետո հայտարարվեց, «Ներքին համակարգերն ու կոդերը մենք թուրքական կողմին չենք տրամադրելու: Պայմանագրում նշված է, որ համակարգերի սպասարկումն իրականացնելու է ռուսական կողմը, թուրքերն այդ համակարգերը բացելու հնարավորություն չեն ունենա: Նույնիսկ «Յուրային-օտար» ճանաչման համակարգը տեղադրելու են ռուս մասնագետները»:

Համարել ռուս-թուրքական հերթական ՙմեղրամսի՚ ավա՞րտ: Մնաց պատմական դարձած լոլի՞կը: Թե՞ 2018-ին Պուտինը կվերընտրվի, 2019-ին` Էրդողանը ու նոր ՙսեր՚ կսկսվի: Իսկ եթե չվերընտրվե՞ն: Մասնավորապես` Էրդողանը: Ի սկզբանե կասկածելի էր, որ Մոսկվան որևէ երկրի կփոխանցի իր ռազմական գաղտնի տեխնոլոգիաները, առավել ևս ՆԱՏՕ-ի անդամ, կհամաձայնի Թուրքիայում իր զենիթահրթիռային համակարգերի արտադրությանը: Հետո ինչ, որ Էրդողանը բողոքում էր ՆԱՏՕ-ից ու Պեկինից, որ մերժում են զենքի շուկա իր մուտքը` հրաժարվելով զենքի արտադրության հնարավորություններ տալ ու շնորհակալ էր Պուտինին: Մի ՙբայց՚ էլ կա` ռուսներն ասում են, որ С-400-ները ձեռք բերելու համար թուրքերին վարկ են տվել, թուրքերն ասում են` կանխավճար են տվել: Ո՞վ է ում ի՞նչ տվել, տվե՞լ է-չի՞ տվել, փաստացի` С-400-ները քաղաքական խայծ էին, բայց այդպես էլ պարզ չի դառնում` Պուտինը Էրդողանի՞ն, թե՞ Էրդողանը Պուտինին օգտագործեց: Մեծ խաղի ո՞ր մասին են հասել առանձին-առանձին, որ միասին շարունակելը հասել է` «խաբեց» կետին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3828

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ